Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն որպես չեզոք միջնորդ ընդգրկված է Ադրբեջանի իշխանությունների հետ կոնֆիդենցիալ երկոսության մեջ՝ բոլոր այն անձանց եւ դեպքերի կապակցությամբ, որոնք վերաբերում են հակամարտության արդյունքում գերության մեջ հայտնված անձանց: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը՝ հավելելով, որ այդ երկխոսությունն ընդգրկում է նաեւ մահացածների աճյունների հայրենադարձման հարցը:
Աստաբացյանը նշեց, որ բանակցությունները գաղտնի բնույթ են կրում եւ ինքը չի կարող մանրամասներ հայտնել այժմ ընթացող բանակցություններից:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանն իր հերթին, մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուի այն հայտարարությունը, թե զոհված գերու դիակի վերադարձման ուղղությամբ հայկական կողմի հետ բանակցություններ չեն տարվում, հայտնեց, որ բանակցություններն ընթանում են Կարմիր Խաչի հետ:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ադրբեջանական լրատվամիջոցների եւ պաշտպանության նախարարության կողմից «դիվերսանտ» որակված Մանվել Սարիբեկյանը, Բաքվից ստացվող լուրերի համաձայն, ինքնասպան է եղել: Ըստ հաղորդագրության՝ Մ. Սարիբեկյանի պարանոցի վրա հայտնաբերվել է կախվողներին բնորոշ հետք, իսկ դատաբժշկական փորձաքննությունը նրա մարմնի վրա բռնության հետքեր չի հայտնաբերել:
Հիշեցնենք, որ Սարիբեկյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի շփման գծում: Ադրբեջանական ոկղմը նրան հայ դիվերսանտ էր որակել, իսկ ձերբակալումից քիչ անց ANS հետուստաալիքը ռեպրտաժ էր ցուցադրել, որտեղ Մանվել Սարիբեկյանը խոստովանում է, որ «Ադրբեջանի տարածքում դիվերսիոն գործունեություն կատարելու համար պատրաստություն է անցել»: Այդ հոլովակը հայտնվել է նաեւ YouTube-ում:
Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, Մանվել Սարիբեկյանը մոլորված հովիվ է եղել, իսկ նրան «որպես հայ դիվերսանտ ներկաայցնելու փորձերը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ քայլն է»: ՊՆ-ն նշել էր նաեւ, որ տեսահոլովակի փորձաքնությամբ երեւում է, թե այն նկարվել է հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների, հատուկ միջոցների կիրառմամբ:




























