Թուրքիան օգոստոսի 30-ին նշել է հույների դեմ տարած իր պատմական հաղթանակի 87 ամյակը։ Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ հաղթանակի առթիվ կազմակերպված միջոցառումները աննախադեպ էին։ Միայն 660 զինվոր կրել են ահռելի չափսի թուրքական դրոշը։ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը մտել են քաղաքացիների շարքերը եւ զրուցել նրանց հետ։ Հավաքվածների միջից Թուրքիայի գլխավոր շտաբի պետին լացելով մոտեցել է մի կին եւ պնդել, որ իրենք չեն ցանկանում քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը իրականանա, քանի որ դրանով Թուրքիան կմասնատվի։ Այդ կինը Բաշբուղին առաջարկել է նույնիսկ աղջիկներին տանել ծառայության միայն, թե քրդական հարցի կարգավորումը չլինի։ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը հավաստիացրել է, որ ոչ ոք չի կարող բաժանել Թուրքիան։
NEWS.am-ը հիշեցնում է, որ 1922 թվականի օգոստոսի 30-ին քեմալական զորքերը՝ Խորհրդային Ռուսաստանի, եւ անձամբ Լենինի ռազմական եւ ֆինանսական աննախադեպ աջակցության շնորհիվ ճեղքեցին հունական բանակի պաշտպանական գիծը Ափիոն Գարահիսարի հատվածում եւ Դումլուփընարի ճակատամարտում պարտության մատնեցին հույներին, իսկ նրանց հրամանատարին գերի վերցրին։ Այդ պատճառով օգոստոսի 30-ը Թուրքիայում համարվում է մեծ հաղթանակի օր եւ պետականորեն նշվում է, քանի որ այդ հաղթանակով Թուրքիան ոչ միայն վերջնականապես փրկվեց մասնատումից, այլեւ կարողացավ կարճ ժամանակում երկրի արեւմտյան հունաբնակ շրջանները մաքրել հույներից։




























