Բանակը մեծ համակարգ է, բայց այն չի գործում հասարակությունից դուրս: Բանակը մեր հասարակության հայելին է, եւ հասարակությունում հանդիպող դրական եւ բացասական դրսեւորումները կան նաեւ բանակում: Այդ մասին հոկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ մեկնաբանելով հայկական զորամասերում տեղի ունեցած վերջին միջադեպերը: Նա նաեւ նշել է, թե 9 ամիսների ընթացքում  39 դիմում-բողոք է ստացվել 40 մարդուց պաշտպանության նախարարության վերաբերյալ:

Ըստ օմբուդսմենի՝ եթե հասարակության մեջ կան ինչ-որ խնդիրներ, դրանք չեն կարող չլինել զինված ուժերում. «Մենք պետք է դրան գլոբալ նայենք: Բանակը պետք է զբաղվի այդ խնդիրներով, բայց եւ մենք պետք է զբաղվենք հասարակության առողջացմամբ: Եթե դա չլինի, բանակն իր միջոցներով չի կարող վերացնել այն երեւույթները, որոնք կան եւ հասարակության մեջ: Բանակը պետք է զբաղվի իր կառույցի առողջացմամբ, իսկ մենք՝ հասարակության»:

Հարությունյանը նշել է նաեւ, թե բանակում հետազոտություններ են արվել, այդ թվում հոգեբանական, որոնք արդեն ավարտական փուլում են. «Հետազոտությունների արդյունքները ներկայացվելու են պաշտպանության նախարարությանը՝ որպեսզի կողմնակի դիտորդի աչքերով ներկայացնենք առկա խնդիրները»:

Պաշտպանը օրերս հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հարցին, թե ե՞րբ է վերջին անգամ եղել զորամասերում, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ անձամբ ինքը մի քանի ամիսն չի եղել զորամասերում. «Մեր աշխատակիցները պարբեաբար այցելում են զորամասեր, ըստ ժամանակացույցի, մոտավորապես ամիսը 15-16 այցելություն: Օրինակ՝ մինչեւ տարեվերջ նրանք կլինեն Վայոց Ձորի, Սյունիքի, Գյումրիի Վանաձորի եւ Տավուշի զորամասերում»: