«Ժառանգություն» կուսակցության՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնությունը պետք է համազգային քննարկման դրվի: Այդ մասին խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, լավ կլիներ, եթե փաստաթղթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ լինեին, կլոր սեղաներ կազմակերպվեին խորհրդարանական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, Հանրային խորհրդի մասնակցությամբ: Նա ընդգծել է, որ եթե փաստաթուղթը դրվի քվեարկության առաջիկա քառօրյայի ընթացքում, ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու: «Լեռնային Ղարաբաղի անկախությունն այն հարցը չէ, որ ՀՅԴ-ն դեմ քվեարկի կամ չմասնակցի»,- ասել է Հովհաննիսյանը: Նկատենք, սակայն, որ մինչեւ վերջերս ՀՅԴ-ն հայտարարում էր, որ դեմ է այդ օրինագծին եւ քվեարկությանը չի մասնակցելու, քանի որ եթե դեմ քվեարկի, դա սխալ կնկալվի հասարակության եւ միջազգային հանրության կողմից:

Փոխարենը կառավարող հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը հայտարարել է, թե ՀՀԿ-ն ընդհանրապես ընդունելի չի համարում այդ փաստաթղթի քննարկումը կամ ընդունումը: «Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունները պետք է շարունակվեն, եւ երբ այդ ձեւաչափում հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Հայաստանը կլինի առաջին պետությունը, որը կճանաչի դա»,- ասել է Զաքարյանը: