Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինիին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նալբանդյանը հաջողություն է մաղթել իտալացի դիվանագետին դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ դեսպանն աշխատանքի ընթացքում իր նշանակալի ներդրումը կունենա հայ-իտալական բարեկամական փոխգործակցության ընդլայնման եւ խորացման գործում:

Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության հետագա զարգացմանը, Հայաստան — Եվրոպական Միություն հարաբերություններին վերաբերող, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: