Մարսելի փոխքաղաքապետ Դիդիեր Փարաքյանը, ով այս օրերին գտնվում է Երեւանում, այսօր` հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, որ իր նորածին տղային` Սեւանին օրերս կնքել է Սեւանա լճում:
«Կինս վերջերս ինձ որդի պարգեւեց: Կնոջս խոստացել էի, որ երբ նա ինձ որդի պարգեւի, անունը դնելու ենք Սեւան եւ կնքելու ենք Սեւանա լճում: Մենք եկանք, կնքեցինք իմ որդուն Սեւանում`մեզ հետ բերելով մեր մեծ ընտանիքի անդամներից 40 հոգու»,-ասաց Փարաքյանը:
Մասնագիտությամբ ոճաբան փոխքաղաքապետը, ով բոլորովին վերջերս իրականացրեց իր երազանքը, հիմա էլ ցանկանում է Երեւանում բացել «Դիդիեր Փարաքյան» բրենդային հագուստի բուտիկը: Նա երազում է, որ իր բուտիկի արտադրանքի վրա գրված լինի «Պատրաստված է Հայաստանում»:
Նշենք, որ Դիդիեր Փարաքյանը Հայաստանում է ֆրանսիացի 80 գործարարների հետ, ովքեր պատրաստվում են Հայաստանում մի շարք ներդրումներ կատարել:





























