Հոկտեմբերի 12-16-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կկայանա «21-րդ դարի տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրագրությունը» թեմայով համաժողով, որին մասնակցելու համար Սփյուռքի 25 երկրներից կժամանեն 100 հայ լրագրողներ: Հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց, որ եւս 100 լրագրող կմասնակցի Հայաստանից:
Թվով 5-րդ համաժողովին այս անգամ ներկա են լինելու ոչ միայն տպագիր մամուլի ներկայացուցիչներ, այլեւ լրագրողներ հեռուստաընկերություններից, ռադիոյից եւ էլեկտրոնային պարբերականներից:
«Բավական մեծ թվով խմբագիրներ են ժամանելու: Կարեւոր է նաեւ այն, որ համաժողովը մենք կազմակերպում ենք Լեռնային Ղարաբաղում, որպեսզի մեր լրագրողները մոտիկից ծանոթանան Լեռնային Ղարաբաղին, նրա հիմնահարցերին եւ կարողանան իրենց հետագա գործունեության մեջ ինչպես հարկն է ներկայացնել ղարաբաղյան հիմնախնդիրը»,-ասաց նախարարը` հավելելով, որ ակնկալում են նաեւ օտար թերթերում աշխատող հայ լրագրողների մասնակցությունը:
Միջոցառումն իրականացվում է «Մեկ ազգ մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում, որի ընթացքում հոկտեմբերի 17-19-ին կանցկացվի նաեւ ֆինանսիստների եւ բանկիրների առաջին հավաքը: Համաժողովին մասնակցելու է 100 մարդ` Հայաստանից եւ Սփյուռքից:





























