Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին խնդրել է պարզաբանում տալ իրացման գոտու բնակիչներին հասցված վնասի համար:
ՄԻՊ նամակում մասնավորաես ասված է. «Երեւան քաղաքի Եկմալյան 1-ին փողոցի 1 տան նախկին բնակիչ Հարություն Թյունիբաբյանն ու մի շարք այլ նախկին բնակիչներ (1-3 տներ) Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմում-բողոքում հայտնել են, որ 29.04.2006թ.-ին „Գրադինվեստ“ ՍՊԸ-ն, ի դեմս փոխտնօրեն Ս. Աղազարյանի, Երեւանի քաղաքապետի լիազորված անձը հանդիսանալով եւ վկայակոչելով ՀՀ կառավարության 17.06.2004թ. թիվ 909-Ն, 24.05.2005թ. թիվ 1110-Ա, 01.08.2002թ. թիվ 1151 որոշումները` Երեւան քաղաքի գլխավոր պողոտայում պետական քաղաքաշինական ծրագրերի իրականացման նպատակով, իրենց հետ կնքել է պայմանագրեր:
Պայմանագրերի համաձայն` „Գրադինվեստ“ ՍՊԸ-ն պարտավորվել է մինչեւ 2008թ.-ի հունիս ամիսը վերը նշված հասցեում, իր կողմից կառուցվող շենքում բնակարաններ հատկացնել նախկին սեփականատերերին, իսկ չտրամադրելու դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարում է տուգանք բնակարանի` տվյալ պահին գոյություն ունեցող շուկայական արժեքի 0,03 տոկոսի չափով»:
Արմեն Հարությունյանը Գագիկ Բեգլարյանին տեղեկացրել է, որ մինչ օրս շենքը չի կառուցվել եւ ոչ մի հատուցում չի տրվել, որի արդյունքում ավելի քան 60 ՀՀ քաղաքացիներ մնացել են անօթեւան, ուստի ՄԻՊ-ը քաղաքապետին խնդրում է «դիմումում նշված տեղեկությունների վերաբերյալ ներկայացնել իր պարզաբանումը, որն ակնկալում է ստանալ 20-օրյա ժամկետում»:



















