Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի Համակարգող խորհուրդը արտահերթ նիստում լուրջ անհանգստություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիեւի՝ իր լիազորություններն ընդլայնող հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հետ կապված:

contact.az-ի տեղեկություններով՝ Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունները, Համակարգող խորհրդի անդամների կարծիքով, փաստացի կհանգեցնեն իշխանության բռնազավթման եւ պետության ժողովրդավարական ինստիտուտների էլ ավելի թուլացման: Որոշում է ընդունվել այդ կապակցությամբ հանդես գալ հատուկ հայտարարությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հուլիսի 18-ին Սահմանադրական դատարան փոխանցված նախագծի համաձայն՝ առաջարկվում է գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչեւ 7 տարի։ Նախագահին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու լիազորություններ են տրվում։ Փաստաթուղթը նախատեսում է սահմանել փոխնախագահի ինստիտուտ։ Փոխնախագահին նշանակում եւ ազատում է նախագահը։ Եթե նախագահն ի վիճակի չի լինում կատարել պետության ղեկավարի պարտականությունները, ապա նրա լիազորություններն անցնում են առաջին փոխնախագահին։ Գործող սահմանադրությամբ դրանք անցնում են վարչապետին։ Տարբերությունն այն է, որ եթե վարչապետին նշանակում է խորհրդարանը, ապա առաջին փոխնախագահին պետության ղեկավարն ինքն է նշանակում, առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու։ Առաջարկվում է նաեւ լուծարել նվազագույն տարիքային շեմը նախագահի պաշտոնի թեկնածուի համար, որը հիմա 35 տարեկանն է։ Սահմանադրությամբ խորհրդարանի ցրման հնարավորություն տվող փոփոխություններ են նախատեսվում։