«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» ձեռնպահ է մնալու եւ չի մասնակցելու Սերժ Սարգսյանի առաջարկով եւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ գործելիք աշխատանքային խմբի գործունեությանը, որն աշխատելու է հեռուստառադիոընկերությունների համար հայտարարված մրցույթներին վերաբերող օրենսդրական փոփոխություններ վրա: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց նույն այդ կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նա իրենց որոշումը բացատրեց հետեւյալ կերպ. «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արդեն իսկ ստեղծել է աշխատախումբ, որում ընդգրկված են մեդիա ոլորտի մասնագետներ, իրավաբան, տեխնիկական հարցերի մասնագետ։ Մենք մեր քննարկումներում եւ առաջարկություններում բավական առաջ ենք գնացել։ Նորից վերադառնալով նույն հարցերին՝ այս անգամ ուրիշ կազմում,կնշանակի իզուր ժամանակ վատնել։ Երկրորդ, մենք մտավախություն ունենք, որ այս աշխատանքային խումբը եւ նրա գործունեությունն ավելի շատ օրենսդրության բարեփոխումների իմիտացիա են լինելու։ Մեր մտավախության հիմքում այն գործընթացներն են, որոնք տեղի ունեցան «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքի նոր նախագծի քննարկման եւ ընդուման ժամանակ, այդ է պատճառը, որ այս փուլում նպատակահարմար չենք գտնում մասնակցել այդ խմբի աշխատանքներին»:
Անդրադառնալով քաղաքական միջավայի՝ լրատվամիջոցների եւ լրագրողների վրա ունեցած ազդեցության թեմային՝ նա փաստեց, որ վերջիններիս վրա ճնշումների եւ բռնությունների դեպքերն ավելանում են քաղաքական իրավիճակի սրման պարագայում, ինչը 2010 թվականի երրորդ եռամսյակում չի գրանցվել։ «2010-ի երրորդ եռամսյակն այս առումով բավական հանդարտ էր»,- նկատեց կոմիտեի նախագահը՝ ուշադրություն հրավիրելով առանձին լրագրողների աշխատանքին խոչընդոտելու դեպքերի վրա։
Մելիքյանը նրանց թվում հիշատակեց Գագիկ Շամշյանի, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Սյուզան Պողոսյանի եւ «Հետք» շաբաթաթերթի թղթակից Անի Հովհաննիսյանի անունները։ «Խայտառակ էր հատկապես Սյուզանն Պողոսյանի հետ կապված դեպքը։ Ոմանք գնում են Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղ՝ պահանջելու լրագրողի հորից, որպեսզի նա ազդի իր աղջկա վրա եւ վերջինս քննադատական նյութեր չգրի Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ»,- նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։




























