Մեքսիկայի Վերաքրուս նահանգի Տերրա Բլանկա քաղաքում սպանվել է 45-ամյա լրագրող Պեդրո Տամայո Ռոսասը: Նրան գնդակահարել են սեփական տան շեմին, կնոջ եւ երեխաների աչքի առջեւ: Այս մասին գրում է France Presse գործակալությունը:
Ոստիկանության տվյալներով՝ երկու տղամարդ մոտեցել են Պեդրոյին՝ ողջունելու, եւ կրակ են բացել: Զոհվածի ընտանիքի անդամներից մեկի պնդմամբ էլ՝ լրագրողը դուրս է եկել տանից՝ կնոջն ու երեխաներին օգնելու, որ գնումները տուն տանեն: Այդ ժամանակ անհայտ անձինք մի քանի անգամ կրակել են նրա ուղղությամբ եւ ավտոմեքենայով փախուստի դիմել:
Իրավապահներն այս վարկածներից ոչ մեկը չի բացառում, ներառյալ՝ մասնագիտական գործունեությունը:
Պեդրո Ռոսասն աշխատում էր El Pinero de la Cuenca եւ Al Calor Politico պարբերականներում:
2010 թվականից ի վեր Վերաքրուսում 18 լրագրող է սպանվել:





























