Հայաստանի պետական բյուջեում ամեն տարի 50 մլն դրամ (մոտ 137 հազ. դոլար) է նախատեսվում միջազգային մրցաշարերի հաղթողներին եւ մրցանակակիրներին պարգեւատրելու համար։ Այդ գումարը չի փոխվել ոչ 2009-ին, ոչ 2010-ին, ոչ էլ 2011-ի նախագծում։ Ըստ երեւույթին՝ կառավարությունը կարողացել է կանխատեսել, որ մեր մարզիկները միջազգային մրցաշարերում մեծ հաղթանակներ քիչ կտոնեն։ Կամ էլ հույսները դրել են Գագիկ Ծառուկյանի բարեգործության վրա։

Համեմատության համար նշենք, որ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացման համար կառավարությունը 2011 թ. նախատեսում է ծախսել շատ ավելի մեծ գումար՝ 69 մլն դրամ (մոտ 190 հազ. դոլար)։ Ընդ որում՝ այդ գումարը 3 անգամ գերազանցում է նախորդ տարիների հատկացումների ծավալները։ Հավանաբար՝ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը մտադիր է ընտանեկան մրցույթների համաշխարհային օլիմպիադա անցկացնել։ Նույնիսկ համահայկական խաղերի համար նախատեսված գումարը՝ 80 մլն դրամ (220 հազ. դոլար) այս միջոցառման բյուջեի համեմատ չի կարելի մեծ անվանել։

Շախմատիստների պատրաստման նպատակով կառավարությունն ամեն տարի ծախսում է 52 մլն դրամ։ Այս տարի գումարը փոքր-ինչ ավելացրել են՝ 55 մլն դրամ (մոտ 151 հազ. դոլար)։