Գերմանիայի Անսբախ քաղաքում պայթյուն կազմակերպած սիրիացուն ուզում էին արտաքսել Բուլղարիա։ Այս մասին ասել է Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչ Թոբիաս Փլաթեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Սիրիացիները չեն կարող անմիջապես Սիրիա արտաքսվել այդ երկրում տիրող իրավիճակի պատճառով»,– ասել է նա լրագրողներին։

Փլաթեի խոսքով՝ ինքը չգիտի, թե ինչու 27-ամյա սիրիացի փախստականին չեն արտաքսել, պարզ չէ նաեւ, թե երբ նրան պետք է վտարեին երկրից։

Հուլիսի 25-ի գիշերը Բավարիայի Անսբախ քաղաքում պայթյուն էր հնչել, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ՝ Սիրիայի 27–ամյա քաղաքացին։ Եվս 12 մարդ վիրավորվել է։ Գերմանացի իրավապահները դեռ շատ զգույշ են մեկնաբանում կատարվածը եւ չեն պնդում, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է, իսկ զոհվածը՝ ահաբեկիչ։