Հուլիսի 1-ին մահացել է ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Լյուդմիլա Զիկինան։ Վերջերս, հունիսի 10-ին երգչուհին նշեց իր 80-ամյա հոբելյանը։ Մի քանի օր առաջ նա կաթված էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։Ինչպես հաղորդում է ռուսական «Առաջին ալիքը», այսօր Մոսկվայի հիվանդանոցներից մեկում կանգ է առել արտիստուհու սիրտը։
Զիկինայի 80-ամյակին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նրան շնորհել էր առաջին աստիճանի շքանշան՝ «Հայենիքին մատուցած ծառայությունների համար»։
Լյուդմիլա Զիկինան ծնվել է 1929թ-ի հունիսի 10-ին Մոսկվայում, աշխատավորի ընտանիքում։ Ստեղծագործական գործունեությունը սկսել է 1947թ-ից ։ Մասնակցել է համառուսական երիտասարդ կատարողների մրցույթին, որից հետո ընդունվել Մ. Ե. Պյատնիցկու անվան ժողովրդական երգչախումբ։
Երգչուհին իր ունեցած վաստակի համար պարգեւատրվել է մի շարք շքանշաններով, այդ թվում «Լենինի», «Սուրբ Անդրեի» շքանշաններով։
1970թ-ին ստացել է Լենինյան մրցանակ, իսկ 1973 թվականին նրան շնորհել են ԽՍՀՄ վաստակավոր արտիստուհու կոչում։ 1978թ-ին Զիկինան դարձել է «սոցիալիստական աշխատանքի հերոս»։





























