Հոկտեմբերի 11-ի երեկոյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Մարգարյանը, Գոհար Ենոքյանը, Ռուզան Առաքելյանը, Մարտին Սարգսյանը, Արման Սահակյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աթենքում խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի, խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմիուի, Հունաստանի խորհրդարանի Եվրոպական հարցերով եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների, Հունաստան - Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների, խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ : Նեա Զմիրնիում Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության նահատակների հուշակոթողին :
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Հունաստանից կմեկնի Կիպրոս :
Նիկոսիայում Հայաստանի ԱԺ նախագահը կհանդիպի Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, Նիկոսիայի քաղաքապետ Էլենի Մավրուի, Կիպրոսի հայ համյանքի ներկայացուցիչների հետ , ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին : Պատվիրակությունը կհադիպի նաեւ Ֆամագուստայի քաղաքապետ, Կիպրոսի խորհրդարանի նախկին նախագահ Ալեքսիս Գալանոսի հետ:





























