Ադրբեջանի շախմատի ազգային հավաքականի անդամ Վուգար Հաշիմովը բարձր որակավորում ունեցող, բավական հզոր շախմատիստ է. նրա բացակայությունը շատ հստակ անդրադարձ կունենա Ադրբեջանի հավաքականի խաղերի եւ ցույց տված արդյունքերի վրա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության որոշմանը՝ ազգային հավաքականից հեռացնել հավաքականի առաջատար Վուգար Հաշիմովին։
Նրա խոսքով, սակայն, Հաշիմովի բացակայությունը երկար չի տեւի, եւ նա կրկին կընդգրկվի Ադրբեջանի շախմատի ազգային հավաքականի կազմում։ «Այնտեղ կգիտակցեն, որ չի կարելի հավաքականից դուրս հանել մի մարզիկի, ով թիմի ուժեղագույն տարրն է՝ երկրի համար խաղացող ամենաուժեղ շախմատիստը։ Այնպես որ, դա, կարծում եմ, ժամանակավոր բնույթ կկրի։ Այսօր Վուգարը հավաքականի կազմում չէ, վաղը կլինի։ Նման դեպքերը երկար չեն ձգվում»,- համոզմունք հայտնեց Սմբատ Լպուտյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Վուգար Հաշիմովի ներկայությունը Ադրբեջանի համար ավելի բարձր հորիզոնականներ ապահովեր Խանտի Մանսիյսկում կայացած 39-րդ շախմատային օլիմպիադայի ժամանակ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը նկատեց. «Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է։ Ոչինչ չես կարող ասել։ Անխոս, Վուգարն ուժեղ շախմատիստ է, բնականաբար լավ հորիզոնականներ զբաղեցնելու հավանականությունն ավելի իրական կլիներ»:
Ամփոփելով՝ Սմբատ Լպուտյանը նկատեց, որ Ադրբեջանի շախմատի հավաքականը բավականին լավն է։ «Արդեն մի քանի տարի է, ինչ այդ երկրի հավաքականը համարվում է աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը։ Այն Հայաստանի հավաքականի համար ուժեղ հակառակորդ է»,- ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը։
Թե ինչու է Հաշիմովը հեռացվել Ադրբեջանի հավաքականի կազմից, տարբեր պատճառներ են նշվում, այդ թվում եւ այն, որ Հաշիմովը խաղում է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի անունը կրող իսպանական շախմատային ակումբում: Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը իր հարցազրույցներում դատապարտել է Վուգար Հաշիմովի ելույթները «Կասպարով - Մարկոտե» կոչվող իսպանական ակումբում եւ հայտարարել, թե Հաշիմովը չպետք է հանդես գար հայազգի շախմատիստի անունը կրող ակումբում:




























