Կոմիտաս 5ա շենքի բնակիչները դարձյալ անհանգստացած են: Բնակիչների անհանգստության պատճառն այս անգամ այն է, որ շենքի հարեւանությամբ գտնվող երկու մետաղյա ավտոտնակները սկսել են դատարկել:

«Մի քանի օր առաջ լսեցինք, որ այդ ավտոտնակները գնել են  բակում  բարձրահարկ շենք կառուցել ցանկացողները: Ավտոտնակների սեփականատերերին ուրիշ տեղ են հատկացրել, որ դրանք ազատեն: Թեեւ քաղաքապետարանը մեզ մի քանի օր առաջ պատասխանել էր, որ դադարեցված է շինարարական աշխատանքները՝ մինչեւ նոր համաձայնություն եւ նախագիծ չլինի, բայց մենք զգում ենք, որ ինչ-որ բան անում են»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր անհանգստությունը հայտնեց շենքի բնակչուհի Գոհարը` հավելելով, որ, ըստ նրանց ենթադրությունների այդտեղից լինելու է մուտք կամ դեպի էլեկտրական ենթակայան կամ շինհրապարակ: Շենքի բնակիչները կրկին նամակներ են գրել համապատասխան ատյաններին եւ քաղաքապետարան: Ներկայումս նրանք սպասում են քաղաքապետարանի պատասխանին: Ի դեպ սա արդեն թվով չորրորդ նամակն է ուղղված այդ մարմնին:

«Մենք չգիտենք` ինչ է լինելու վերջը, անորոշ վիճակ է»,-ասաց Գոհարը` շարունակելով. «Փաստաթղթեր ենք պահանջում, սակայն ոչ մեկը մեզ չի տալիս` ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ նախագահի աշխատակազմը, ո՛չ սեփականատերերը, ոչ մեկը ոչ մի բան չի տալիս, որ տեսնենք օրինակա՞ն է, թե՞ ոչ: Պետք է լինի շինթույլտվություն, օտարման գոտու հաստատում: Մեզ թվում է, որ անօրինականություն կա, եւ նրանք ժամանակ շահելով փորձում են լուծել հարցերը»:

Կոմիտաս 5ա շենքի բնակչուհին հայտնեց նաեւ, որ վերջերս իրենք հանդիպում են ունեցել շենքի սեփականատերերի հետ, ովքեր փորձել են, այնուամենայնիվ, իրենց  համոզել շենք կառուցելու համար, սակայն չի հաջողվել:

Նշենք, որ օգոստոսին Կոմիտաս 5ա շենքի բնակիչները (Արեւելյան խոհանոցի դիմացի մայթ)  իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել, երբ մի խումբ մարդիկ քաղաքապետարանի անունից փորձել էին շինարարական աշխատանքներ սկսել բակի տարածքում: Նրանք փորձում էին բակում գտնվող ենթակայանը տեղափոխել մեկ այլ վայր եւ բակի ու այգու տարածքում սկսել բարձրահարկ շենքի շինարարություն: