Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն վարչապետի խորհրդական դառնալուց ի վեր Թուրքիայի արտաքին քաղաքականության բոլոր կարեւոր որոշումներում իր ազդեցությունն է ունեցել, այդ թվում Հայաստանի, Կիպրոսի, Միջին Արեվելքի, Սիրիայի, Իսրայելի հետ հարաբերությունների հարցերում, ինչպես նաեւ պաղեստինյան «Համաս» խմբավորման ղեկավարների հետ բանակցություններում: Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթը»:
Պրոֆեսոր Ահմեդ Դավութօղլուն ծնվել է 1959թ Թուրքիայի Կոնիա քաղաքում: 1983-1984թթ ավարտել է Բողազիջի համալսարանի քաղաքագիտության եւ տնտեսագիտության բաժինները: Տարբեր կրթական հաստատություններում զբաղվել է դասախոսությամբ: Արտաքին քաղաքականության թեմայով ունի բազմաթիվ հրապարակումներ, որոնք թարգմանվել են ճապոներեն, պորտուգալերեն, ռուսերեն, արաբերեն, պարսկերեն եւ այլ լեզուներով: Ամուսնացած է, ունի չորս երեխա: Ահմեդ Դավութօղլուն 2009 թվականի մայիսի 1-ին նշանակվեց Թուրքիայի արտգործնախարար՝ թողնելով վարչապետի խորհրդականի պաշտոնը:
«Միլլիյեթի» թղթակիցը չթաքցնելով իր հիացմունքը Ահմեդ Դավութօղլուի վարած քաղաքականության նկատմամբ ներկայացնում է հետեւյալը. «Դավութօղլիի վերջերս Պակիստան եվ Աֆղանստան հնգօրյա այցելության ընթացքում նրան մոտիկից հետեւեցի: Ես զարմացած եմ թե Դավութօղլուն ինչպես է դիվանագիտության տեսությունը նախարարի պատասխանատվությամբ վերածում գործնական դիվանագիտության: Նա վստահությանը մեծ նշանակություն է տալիս, պարզ եւ շիտակ է խոսում: Իրեն զգուշորեն հեռու է պահում ներգին գործերին խառնվելուց: Այն հարցին թե Թուրքիան ո՞ր խմբավորմանն է աջակցում Աֆղանստանում կամ Պակիստանում, նա պատասխանեց. „Մենք այդպիսի քաղաքականություն չունենք, աֆղանստանցի փուշտուն, տաջիկ, ուզբեկ՝ մեզ համար բոլորը մեկ են, իսկ Պակիստանում մեզ համար ամենակարեւորը ժողովրդավարական կայունության հասնելն է, իսկ թե ո՞վ է ընդդիմություն կամ իշխանություն, թող պակիստանցիները որոշեն“:
Դավութօղլուն կարողանում է ճիշտ պահին պատմությունից հղումներ անել: Նա մանրամասնորեն պակիստանցիներին պատմել է, որ 20-րդ դարում Բալկանյան պատերազմի ժամանակ պակիստանցիները Թուրքիային հսկայական աջակցություն են ցույց տվել: Աֆղանստանցիներին էլ նա պատմել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի եվ Էմանուլահ խանի հարաբերությունների մասին:
Այսպես, այսօրվա հարաբերությունները ռազմավարական խորություն են ստանում:
Նա այդպես է նայում նաեւ Եվրոպային: Պատմական հարաճուն առաջընթացը կորցրած Եվրոպան մեր օրերում նշանակալի թռիչք կանի միայն Թուրքիայի հետ:
Ահա նման „ռազմավարական խորությամբ“ տեսությունը պրոֆեսոր Դավութօղլուն, որպես նախարար, աշխատում է իրականացնել»։ Այսպես է իր հրապարակումն ավարտում «Միլլիեթի» թղթակիցը:



























