Այսօր «Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողներ Էռնա Պետրոսյանը, Արմինե Հովհաննիսյանը եւ Հայկ Տեփանյանը ստացան դրամական պարգեւներ։ Պարգեւները ավանդային պայմանագրերի տեսքով՝ համապատասխան 500 եւ 250 հազար դրամի չափով մամուլի ասուլիսի ժամանակ հանձնեցին «Այբ» Կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը եւ ՎՏԲ բանկի տնօրեն Վալերի Օվսյանիկովը։

Հաղթողները, բացի դրամական պարգեւ ստանալուց,ավելի վաղ ուղեգիր էին ստացել հուլիսի 6-16 Ռումինիայում հանգստանալու։

Մրցույթի մասնակից Արմինե Հովհաննիսյանը պատմելով Ռումինայում անցկացրած հանգստի մասին, ասաց, որ այցելել են «Դրակուլայի ամրոցը» եւ այն իրենց չափազանց հետաքրքել էր։

Խոսելով եկող տարվա «Կենգուրու» մրցույթից՝ «Այբ» Կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանն ասաց, որ հաջորդ մաթեմատիկական մրցույթը կլինի եկող տարվա մարտ ամսին։ Նախատեսվում է, որ այդ մրցույթին հաջորդ տարի կմասնակցեն նաեւ Արցախի եւ Ջավախքի երիտասարդները։

Նշենք, որ 1994 թվականից սկսած աշխարհի ավելի քան 40 երկրներում անցկացվում է «Կենգուրու» մաթեմատիկական մցույթը։ Այն Հայաստանում առաջին անգամ անցկացվեց 2009 թվականի մարտի 19-ին։ Մրցույթին մասնակցել են 3-րդ-11-րդ դասարանների 30 հազար աշակերտներ։