Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանից զինծառայող է փախուստի դիմել, որին ռազմակայանի ծառայողները հայտնաբերել են եւ վերադարձրել ռազմակայանի տարածք: Այս տեղեկությունը՝ NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
«Պայմանագրային զինծառայողի հարազատներից են ժամանել Հայաստան, եւ նա դուրս է եկել զորամասի տարածքից: Ռուսական կողմը զինծառայողին հայտնաբերել է ու նորից զորամաս վերադարձրել: Նա զորամասը լքելիս զենք, սպառազինություն չի ունեցել»,-ասացին ոստիկանությունից:
Շիրակի մարզի Ոսկեհասկի գյուղապետ Արտաշես Սահակյանն էլ NEWS.am-ին հայտնեց, որ առավոտյան ժամը 7.30-ից 08.00-ն ընկած ժամանակահատվածում իերնց գյուղացիները անծանոթի են տեսել իրենց գյուղի տարածքում: Ըստ գյուղապետի, գյուղացիներն են բռնել զինծառայողին եւ հանձնել ռուսական կողմին:
Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ եւս զինծառայող էր փախուստի դիմել ռուսական ռազմակայանից, որին, հայտնաբերել էին հայ ոստիկանները եւ փոխանցել ռուսական կողմին: Ըստ մամուլի տեղեկությունների, նրան գտել էին Երեւանում, առանց զենքի:





























