BMW ընկերությունն աշխատում է նոր բանալու վրա, որը թույլ կտա ազատել մեքենաների սեփականատերերի գրպանները, գրում է Focus-ը: Մեկ կախիչը կմիավորի մեքենայի բանալին, վարկային քարտերը, օդանավի եւ հանրային տրանսպորտի տոմսերը, տան եւ հյուրանոցի համարների բանալիները:

Նորույթը կարող է հայտնվել արդեն առաջիկա տարիներին:

Ընկերության ճարտարագետները վստահ են, որ BMW-ի էմբլեմով կախոցը ունիվերսալ սարք կլինի, որը կհեշտացնի սեփականատաիրոջ կյանքը: Փոքրիկ չիփում ազդանշաններ հաղորդող տրանսպոնդեր կլինի: Նման չիփերով արդեն սարքավորված են վարկային քարտերն ԱՄՆ-ում:

«Դրամապանակը կարելի է մոռանալ տանը, բայց առանց մեքենայի բանալու դուք ոչ մի տեղ չեք գնա»,- բացատրում է Թոմաս Կրատցը՝ BMW-ի մատչելիության համակարգի մշակման բաժնի ղեկավարը:

BMW-ի ունիվերսալ բանալու փորձարկումները հաջող են անցել, բայց գնորդները պետք է դեռ սպասեն, մինչեւ ստանդարացվեն տվյալների հաղորդման արձանագրությունները: