ԱՄՆ-ի ու նրան սատարող երկրերի կողմից սիրիական «ընդդիմության» հանցագործությունների , այդ թվում բնակավայրերի դեմ թունավոր  նյութերի գործածման անտեսումը արժեզրկում է արեւմտյան դիվանագետների կոչերը ՝ այդ երկրում արյունահեղությունը դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է իր Facebook-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Զախարովայի խոսքով, քաղաքացիական բնակչության դեմ այդ հանցագործությունների  համար պատասխանատու է «Խարակյատ Նուր ադ- Դին ազ Զինկի» «չափավոր» խմբավորումը,  որը նախկինում արդեն բազմիցս մեղադրվել է Հալեպում երեխաների ու կանանց բազմաթիվ սպաննությունների համար: «Խաղաղ բնակչության դեմ թունավոր  նյութեր գործածող այդ գազաններին ԱՄՆ-ն է աջակցում»,- ասել է Զախարովան: Նրա խոսքով Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնը կատարվածի մասին տեղեկացրել է ամերիկյան կողմին:

«Եվս մեկ օրինակ: «Սիրիական ժողովրդավարական ուժեր» զինված խմբավորումը հիմա փաստացի ամբողջովին շրջափակել են Հալեպ նահանգի  Մեմբիջ քաղաքը: Ընդ որում այդ ընդդիմադիր խմբավորման զինյալները ինտենսիվ մարտական գործողություններ են իրականացնում քաղաքի բնակելի թաղամասերում, ինչը զգալի քանակության զոհերի պատճառ է դառնում  քաղաքացիական բնակչության շրջանում»:

Զախարովան նաեւ շեշտել է, որ ԱՄՆ ավիացիան ու նրանց ստեղծած կոալիցիան հարվածներ են հասցնում ոչ այնքան ԻՊ կոնկրետ օբյեկտների, որքան քաղաքի թաղամասերի վրա: Ընդ որում ԱՄՆ-ն իր ծրագրվող հարվածների մասին որեւէ նախազգուշացում չի անում՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար:

Զախարովայի խոսքով, եթե արեւմտյան գործընկերները, առաջին հերթին Վաշինգթոնը, նորից անեն ամեն ինչ այդ փաստերը չնկատելու համար, ուրեմն «Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու մասին» նրանց բոլոր խոսակցությունները» անհեթեթ կդառնան»: Զախարովան նաեւ արեւմտյան առաջատար պարբերականներին է կոչ արել համարձակություն ունենալ ու գրել «չափավոր ընդդիմության»  հանցագործությունների ու նրանց ֆինանսավորման աղբյուրների մասին: