Վաղը` հոկտեմբերի 12-ին Երեւանում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Հայաստան-Անդորրա խաղով մեր ազգային հավաքականը կավարտի մրցաշրջան-2010:
Այսօր կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշեց, որ այս տարի ընկերական հանդիպում անցկացնելու ցանկություն կա, բայց պայմանավորվածություն չկա: Անդորրայի հետ հանդիպմանը որակազրկման պատճառով հանդես չի գա Կառլեն Մկրտչյանը, որին կփոխարինի Արթուր Եդիգարյանը: Վաղը Հանրապետական ստադիոնում ֆավորիտի դերում կլինի Հայաստանի հավաքականը, ինչը Վարդան Մինասյանի դիտարկմամբ ճնշող հանգամանք է, իսկ մրցակցին թերագնահատելը միշտ բացասական արդյունք է տալիս:
Խաղային դրվագներում սադրանքների սովոր Անդորրայի հավաքականի հետ խաղում կարեւոր խնդիր կունենա Յուրա Մովսիսյանը: Արդյունավետ խաղից բացի, նա պետք է խուսափի երկրորդ դեղին քարտից, հաջորդ հանդիպումը բաց չթողնելու համար:




























