Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող «Ոսկե նարինջ» կինփոռատոնից ժյուրիի անդամությունից հրաժարված եւ Թուրքիայից հեռացած Էմիր Կուստուրիցայի մեղադրանքներին պատասխանել է թուրք կինոռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուն։

Taraf-ի հետ զրույցում, Քափլանօղլուն անհիմն է համարել Կուստուրիցայի՝ իր դեմ ուղղված մեղադրանքը, թե ինքը հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանության հանդեպ լուռ է։ «Հազարավոր մարդիկ գիտեն, որ ես առաջիններից եմ ստորագրել «Մեր հայ եղբայրներից ներողություն եմ խնդրում» ակցիայի տակ»-նշել է թուրք ռեժիսորը:

Նշենք, որ Էմիր Կուստուրիցան հրաժարվել է «Ոսկե նարինջ» կինոփառատոնում ժյուրիի անդամությունից, քանի որ Քափլանօղլուն հայտարարել էր, թե Կուստուրիցայի ներկայության դեպքում իր «Մեղր» ֆիլմը չի ներկայացնի։ Իր հերթին, Թուրքիայի մշակույթի նախարարն էլ հայտնել էր, թե Կուստուրիցայի պատճառով չի մասնակցի փառատոնին:

Կուստուրիցան քննադատել էր իր դեմ իրականացվող այս գործողությունները, թշնամի հայտարարել Թուրքիայի մշակույթի նախարարին եւ հարցրել Քափլանօղլուին, թե ինչո՞ւ նա չի բարձրաձայնում Հայոց ցեղասպանության մասին:

Թուրքիայում Կուստուրիցային մեղադրում են բոսնիացիների կոտորածները պաշտպանելու համար: