Ստեփանակերտի հարավային կողմում, բարձրադիր բլրի լանջին գտնվող Կրկժան գյուղում, որը մայրաքաղաքի տարածման հետ դարձել է քաղաքի թաղամասերից մեկը, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության մասնագետները խաչքարեր, եկեղեցական շինության փլատակներ են հայտնաբերել:

Իր հնագիտական գտածոներով Կրկժանը վաղուց է հայտնի: Այստեղ ժամանակին թաղված կարասներ են հայտնաբերվել, հիմա էլ կառուցապատման ժամանակ երբեմն տարբեր իրեր են հայտնաբերվում: Նշենք, որ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր «Արցախ» գրքում հիշատակում է տեղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու մասին, որի մասին պատմում էին նաև հին կրկժանցիները, սակայն նոր սերունդը այդ եկեղեցին չի տեսել: Խորհրդային տարիներին գյուղում ադրբեջանցիների թվի անարգել ավելացումը հայկական տարրը մղում էր դեպի Ստեփանակերտի կենտրոնամերձ տարածքը:

Այսօր հողից հանված կառույցը վկայում է, այն մասին, թե ինչպես են նորաբնակ ադրբեջանցիները փորձել ջնջել հայկական եկեղեցու և խաչքարերի գոյությունը գյուղում: Սրբատեղին, հավանաբար օգտագործվել է որպես անասնագոմ, իսկ խաչքարերը ջարդվել են, ասում են պեղումների մասնակիցները:

ԼՂՀ կառավարության զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի խոսքով, եկեղեցու մաքրման աշխատանքներում շուտով մասնագետ հնագետի են ներգրավելու: Ներկայումս Կրկժանում աշխատողների նպատակը մոտ 12 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ եկեղեցին (այն կրաքարե շինություն է` աղյուսաշար մկրտարանով, թաղկապած շրջանակներով լուսամուտներով ու կղմինդրապատ ծածկով), ինչպես նաև տարածքում գտնվող խաչքարերը մաքրելն ու սեպտեմբերին Հայ առաքելական եկեղեցու Արցախյան թեմի քսանամյակի միջոցառումներին նախապատրաստելն է: