Ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի խորհրդական  Յուրի Վարդանյանի առողջական վիճակը բավարար է, նրան նախօրեին վիրահատության են ենթարկել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Սիրանույշ Մարտիրոսյանը:

Բժիշկը նշեց, որ Յուրի Վարդանյանին իրենց մոտ են տեղափոխել հոկտեմբերի 8-ի երեկոյան: Նրան վիրահատել են հոկտեմբերի 10-ին: Անվանի ծանրորդի մոտ եղել է պոլիտրավմա, աջ ազդոսկրի փակ, բազմաբեկոր կոտրվածք՝ տեղաշարժով:

«Ներկայումս նրա վիճակը բժիշկների կողմից գնահատվում է  բավարար»,- ասաց Սիրանույշ Մարտիրոսյանը:

NEWS.am-ն արդեն հայտնել է, որ հոկտեմբերի 8-ին ժամը 21.00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Լեքսուս» մակնիշի 99 ՈՈ 007 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԿԻՕ-6 K-701» մակնիշի 0788 NK պետհամարանիշի տրակտորին:«Լեքսուսի» վարորդը եղել է հայտնի ծանրամարտիկ, Երեւան քաղաքի Պարոնյան փողոցի 8-րդ շենքի թիվ 22 բնակարանի բնակիչ, 54-ամյա Յուրի Վարդանյանը, իսկ տրակտորի վարորդը` Աբովյան քաղաքի բնակիչ Սերժիկ Գասպարյանը:

Վթարի հետեւանքով Յու. Վարդանյանը ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւան՝ «Նաիրի» բուժկենտրոն: