«Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը փոխվել է:  Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Տիգրան Եգորյանից: Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-218 հոդվածի հատկանիշներով, նա մեղադրվում է  ՀՀ ՔՕ 218-րդ (պատանդ վերցնելը) եւ 235-րդ (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) հոդվածներով նախատեսված արարքներին օժանդակելու մեջ:

Հարցին՝ հնարավոր է, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոփոխվի, փաստաբանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում:

Հիշեցնենք, որ Սարգսյանը հուլիսի 26-ին սննդով բեռնված մեքենայով ճեղքել էր ոստիկանության պատը եւ սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին:

Արթուր Սարգսյանին առաջադրվել էին այն նույն մեղադրանքները, որոնք առաջադրվել էին «Սասնա ծռերի» մյուս անդամներին՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):