Հայաստանի հանրապետական կուսակցությունը երկրի ամենաուժեղ, թիվ մեկ քաղաքական ուժն է։ Հոկտեմբերի 11-ին «Ներկուսակցական ժողովրդավարության խնդիրները Հայաստանում» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը։
Նրա խոսքով, Հանրապետական կուսակցության կանոնադրությունը եւ ծրագիրը մշակվել են ՀՀ օրենսդրության համաձայն եւ բխում են Սահմանադրությունից։ «Կուսակցությունն իր կանոնադրությամբ հռչակում է, որ ժողովրդավար կուսակցություն է, գործում է ժողովրդավարության սկզբունքներով, թափանցիկ եւ հրապարակային, ինչպես նաեւ կարծիքների ազատ արտահայտման սկզբունքներով։ Դրա վկայությունն այն է, որ կուսակցության ցանկացած անդամ կարող է կուսակցության որոշումները բողոքարկել կուսակցության գործադիր մարմնում կամ խորհրդում»,- հավաստիացրեց Գագիկ Մելիքյանը։
«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն իր հերթին խոսելով «Ժառանգության» մասին, ասաց. «Մեր կուսակցության գործունեության հիմքում իսկապես ժողովրդավարությունն է ընկած։ Ժողովրդավարությունը եւ բազմակարծությունը «Ժառանգությունում» նորմեր են։ Կուսակացության ներսում յուրաքանչյուր որոշում ընդունվում է մեծամասնության կարծիքը հաշվի առնելով»,- նշեց Բախշյանը՝ ավելացնելով, որ ասվածի վկայություն կարելի է համարել կուսակցության գոյության 8 տարիների ընթացքում կուսակցության վարչության 5 նախագահների փոփոխությունը։ «Սա ցույց է տալիս, որ ի դեմս «Ժառանգության»՝ հասարակությունը պետք է ճանաչի ժողովրդավար քաղաքական ուժի»,- ամփոփեց նա:


























