Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանին Սամվել Բալասանյանով փոխելու որոշումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումն է եղել, առաջարկն արվել է ողջ կուսակցության կողմից. դա հասունացած գործընթաց էր։ Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը ՝խոսելով Արեւիկ Պետրոսյանի հրաժարականի մասին։
Նրա խոսքով, ԲՀԿ-ում ավելի քան համոզված են, որ խորհրդարանի նախկին փոխխոսնակը լայն քաղաքական գործունեություն կծավալի՝ սակայն արդեն որպես պատգամավոր։ «Կուսակցությունը նրան փոխարինող մի քանի թեկնածուի էր առաջադրել։ 3-4 անուներ են շրջանառվել, սակայն վերջնականապես հաստատվեց հենց Սամվել Բալասանյանի թեկնածությունը»,- ասաց Վահե Էնֆիաջյանը՝ ավելացնելով, որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքը եւ կարծիքը կարեւոր են, սակայն հարցը քննարկվել է եւ որոշումը կայացվել է ողջ կուսակցության մակարդակով։
«Ընդհանուր առմամբ, առողջ քննարկումներ են տեղի ունեցել»,- հավաստիացրեց նա։




























