Անհայտ անձինք երեկ կոտրել են Երեւանի Ավան վարչական շրջանում բնակվող «Մեդիալաբի» ղեկավար Մարիաննա Գրիգորյանի ավտոմեքենայի հետեւի ապակին ու գողացել ավտոմեքենայում եղած ծաղրանկարները: NEWS.am-ի հետ զրույցում Մարիաննա Գրիգորյանը նշեց, որ գողացված ծաղրանկարները ցուցադրվել են օգոստոսի 7-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած բացօթյա «Չ'Արգելված» խորագրով ցուցահանդեսին։

«Ցուցահանդեսից հետո վերադարձել ենք տուն ժամը 00:30-ին, դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում: Ենթադրաբար հետեւել են, որովհետեւ, եթե չհետեւեին՝ չէին իմանա, որ ծաղրանկարներն իմ մեքենայի մեջ են: Ուղղակի սպասել են, ջարդել են ու թիրախավորված տարել են ծաղրանկարները միայն: Շատ ուժեղ ձայն լսեցինք, իջանք եւ տեսանք, որ արդեն ջարդել ու տարել են, ոստիկանություն հաղորդում ենք ներկայացրել»,-ասաց նա:

Մարիաննա Գրիգորյանը նշեց, որ վերջին 10 ամիսների ընթացքում «Մեդիալաբն» ակտիվորեն անդրադարձել է երկրում տեղի ունեցող իրադարձություններին:

«Ծաղրանկարը եթե ճիշտ են օգտագործում, շատ ազդեցիկ եւ գրավիչ է լինում եւ ծաղրանկարների միջոցով հնարավոր է լինում անդրադառնալ բոլոր արատավոր երեւույթներին: Մենք անդրադարձել են բոլոր այն կարեւոր իրադարձություններին, մարդկանց, որոնք վերջին 10 ամիսների ընթացքում եղել են գործողությունների կիզակետում: Այսինքն՝ անդրադարձել ենք իշխանությունների ներկայացուցիչներին, բոլոր բոլորին, որեւէ մեկին չենք խնայել եւ հասկանալի է, թե նպատակը որն է եղել, մեզ ահաբեկելը»,-ասաց նա: