Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն այսօր հայտարարել է, թե չի համագործակցելու մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հետ՝ մարտւի 1-ի դեպքերի հետաքննման համար ստեղծված ապա լուծարված փաստահավաք խմբի նախկին անդամներ Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի՝ հանձնաժողովին ներկայացրած 4-րդ զեկույցի փաստերը ճշտելու համար:
Կոնգրեսից NEWS.am-ին հայտնեցին, որ օգոստոսի 29-ին Հայ ազգային կոնգրեսը նամակ է ստացել մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից, որում խնդրվում է ներկայացուցիչ նշանակել` Փաստահավաք խմբի երկու անդամների կողմից կազմված վերջի զեկույցի քննարկմանը մասնակցեու համար:
Ի պատասխան ` Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը նշել է. «հարցի առթիվ ինչ տեղեկություններ որ հայթայթել է, ներկայացրել է պատկան մարմնին` Փաստահավաք խմբին` այդ տեղեկությունների ստույգությունը ճշտելու ակնկալիքով: Մենք ի սկզբանե չենք ճանաչել խորհրդարանական հանձնաժողովի իրավասությունը, բացի այդ` լրացուցիչ տեղեկություններ չունենալով, Կոնգրեսն անհարկի է համարում իր ներկայացուցչի ներկայությունը խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին: Այդ տեղեկությունների հավաստիությունը ճշտելը հանձնաժողովի պարտականությունն է: Հայ ազգային կոնգրեսի կարծիքով մարտի 1-ի իրադարձությունների անկողմնակալ գնահատման միակ ձևը Փաստահավաք Խմբի վերականգնումն է` միջազգային փորձագետների ընդգրկմամբ»:
Հիշեցնենք, որ փաստահավաքի նախկին անդամները օրեր առաջ փաստաթուղթ էին հրապարակել, ըստ որի, 2008թ. մարտի 1-ին Վաչիկ Ղազարյանին՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետին, Գագիկ Ծառուկյանին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանին, Երեւանի ներկայիս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանին, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանին եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին 950 հատ համազգեստ են տրամադարել պաշտպանության նախարարությունից, իսկ նշված անձինք այդ համազգեստով հանդերձավորել են մարտի 1-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած իրենց հրոսակներին: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը դիմել էր ՀԱԿ-ին՝ ներկայացուցիչներ նշանակելու եւ այդ փաստը ճշտելու համար:




























