Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 3 ամսից։ Այս մասին օգոստոսի 9-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։

Անդրադառնալով NEWS.am–ի թղթակցի հարցին, թե ինչի հիման վրա է նա պնդում, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, Պողոսյանը պատասխանեց. «Եթե Դուք դիմեք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Ձեզ մոլորության մեջ կգցեն, Ձեզ երբեք չեն ասի ճիշտ թիվը։ Պետք է հարցում ուղարկել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն եւ ՀԾԿՀ ղեկավար Ռոբերտ Նազարյանին։ Այդ նրանք են հաստատում էլեկտրաէներգիայի սակագինը»։

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի նոր սակագինը, որը հաստատվել էր հունիսի 24-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ից: Այդպիսով, բնակչության համար 1 կՎտ/ժամի դիմաց ցերեկային սակագինը (07:00 մինչեւ 23:00) 48,78 դրամից էժանացել է մինչեւ 46,2 դրամ (5,3 տոկոսով), իսկ գիշերայինը՝ 38,78 դրամից մինչեւ 36,2 դրամ (6,7 տոկոսով):