«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շահերն այսուհետ ուրիշ փաստաբաններ են պաշտպանելու: Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է իր պաշտպաններից՝ Արթուր Գրիգորյանի, Արա Զաքարյանի, Տիգրան Աթանեսյանի ու Տիգրան Մուրադյանի ծառայություններից: Փաշինյանի շահերը պաշտպանելու են փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը: Վերջիններս մարտի 1-ի դեպքերով արդեն հաջողությամբ պաշտպանել են Գագիկ Ջհանգիրյանին եւ Սմբատ Այվազյանին:

Փաստաբան Լուսինե Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: Նա նաեւ նշեց, թե տեղյակ չէ, թե ինչու է Փաշինյանը հրաժարվել 4 պաշտպանների ծառայությունից:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է Նիկոլ Փաշինյանի գործի նախաքննությունը: Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգությունների կազմակերպում) եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրում):

Հիշեցնենք նաեւ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը 2008թ. մարտի 2-ից գտնվում էր հետախուզման մեջ եւ ինքնակամ իրավապահներին է ներկայացել 2009թ. հուլիսի 1-ին: