Հայաստանում բնապահպանական եւ առողջապահական գնահատականներով ամենավատ ցուցանիշները գրանցվել են Երեւանում, Լոռիում եւ Սյունիքում: Այս մասին օգոստոսի 10-ին մամուլի ասուլիսին ասել է էկոլոգիայի նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանը:
Նրա խոսքով՝ այդ ցուցանիշները ստացվել են «Երեւանը եւ մարզերը» վիճակագրության համաձայն: «Սակայն եթե ըստ քաղաքների դիտարկենք, ապա հետեւյալ պատկերը կստացվի՝ Վանաձոր, Ալավերդի, Կապան, Երեւան»,- հավելել է Դանիելյանը՝ շարունակելով, որ Առողջապահության նախարարությունը համաձայն չէ այն մոտեցմանը, որ հանրապետության լեռնային արդյունաբերության շրջաններն ամենավտանգավորն են՝ ինչպես բնապահպանական, այնպես էլ՝ հետեւաբար առողջապահական տեսակետից:
«Բավական ավելացել է անառողջ ծնունդների եւ քաղցկեղով հիվանդացողների թիվը: Այս իմաստով ամենավատ ցուցանիշները նույնպես գրանցվել են Լոռիի, Սյունիիքի մարզերում եւ Երեւանում»,- ամփոփել է Կարինե Դանիելյանը:





























