Ստավրապոլում բնակիչների հետ հանդիպումից առաջ հարձակվել են ՊԱՐՆԱՍ-ի նախագահ Միխայիլ Կասյանովի վրա, փոխանցում է «Դոժդ»-ը՝ վկայակոչելով Անդրեյ Զուբովին: Հարձակումն իրականացվել է «Կոնտինենտ» հյուրանոցի առջեւ, որտեղ մոտ 30 մարդ է եղել:
«Մոսկվայից մարդկանց մի ամբողջ խումբ է բերվել: Մենք դեմքով ճանաչում ենք այն մարդկանց, որոնց քաղաքից քաղաք են տեղափոխում եւ ծեծկռտուքներ են կազմակերպում: Երբ մենք մեքենայով մոտեցանք, այնտեղ արդեն 25-30 մարդ կար՝ պատրաստ սկանդալ հրահրելու: Նրանք սկսել են գոռալ, թե հեռացեք, եւ սկսեցին ծեծել Միխայիլ Միխայլովիչին: Այդուհանդերձ, մենք մտանք դահլիճ, եւ ահա նրանք եւս փորձեցին ներխուժել դահլիճ: Ընդամենը երկու փոքրահասակ ոստիկան կար, որոնք, բնականաբար, ոչ մի բան չէին կարող անել կազակների այդ խմբի հետ»,- ասել է Զուբովը՝ հավելելով, որ հարձակվողներից մեծ մասին արդեն տեսել է Ռյազանի համանման հանդիպման ժամանակ:





























