Ճապոնական Միսիմո քաղաքի բնակչին հաջողվել է բռնել մի կապիկի, որը օգոստոսի 22-ից ի վեր կծել է 118 մարդու, հաղորդում է «Իզվեստիան»` հղում անելով ճապոնական «Ֆուձի» հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը մամակա կապիկը մտել է 33-ամյա Յուկի Մոմեյամայի տուն: Տանտերը տեսնելով կենդանուն, քշել է սենյակներից մեկն ու փակել դուռը: 50 րոպե անց տուն են եկել ոստիկանության աշխատակիցները եւ ցանցի օգնությամբ բռնել կապիկին:
Կիրակի օրը կապիկն իրականացրել է իր վերջին 3 հարձակումները, այդ թվում կծելով 5-ամյա մի աղջնակի: Ագրեսիվ կապիկի դեմ պայքարին մասնակցել են որսորդներ, ոստիկաններ ու հրշեջներ, բայց կենդանուն միշտ հաջողվում էր խույս տալ հետապնդողներից:
Հիմնականում կապիկի հարձակման զոհ էին դառնում ծերերը, կանայք ու երեխաները: Մի շարք դպրոցներում երեխաներին խորհուրդ են տվել միայնակ դպրոց չհաճախել: Կապիկը հարձակվում էր ոչ միայն փողոցում, այլեւ մտնում մարդկանց տները:





























