Իրանի ոստիկանությունը ձերբակալել է քարկոծման միջոցով մահապատժի դատարպարտված Սակինե Աշտիանիի պաշտպանին եւ որդուն, ինչպես նաեւ գերմանացի երկու լրագրողների: Վերջիններիս անունները չեն հայտարարվում:

Ինչպես հաղորդում է իսպանական EFE գործակալությունը` հղում անելով «Ընդդեմ քարկոծման մեղադրանքի» իրավապաշտպան միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Մինու Ահադիին, հոկտեմբերի 10-ին իրանի ուժայիները մտել էլ Աշտիանիի դատապաշտպան Խուտան Կիանի Թավրիզում գտնվող գրասենյակ եւ ձերբակալել 4 մարդու, որից հետո որեւէ տեղեկություն չի հաղորդվել, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սակինե Աշտիանին 2006-ին դատապարտվել է մահապատժի` քարկոծման միջոցով, ամուսնական դավաճանության եւ ամուսնու սպանությանն առնչություն ունենալու համար: Սակինեի պաշտպանները, սակայն, պնդում են, որ կինն ընդունել է իր մեղքը խոշտանգումների արդյունքում:

Այն բանից հետո, երբ այս պատմությունը հասարակական լայն արձագանք ստացավ Իրանի սահմաններից դուրս, Իրանի իշխանությունները համաձայնեցին հետաձգել մահապատժի կիրառումը, իսկ քրեական գործն ուղարկեցին կրկնակի քննության: Սակինե Աշտիանին 43 տարեկան է: