Երեւանում կատարված վերջին 10 տարվա շինարարությունը հակաէկոլոգիական եւ հակասոցիալական է: Հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը:

«Երեւանի 2972-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 10-ին շատ գեղեցիկ տոնակատարություն էր, երեխաներն ասում էին, որ «Երեւանը մենք ենք», բայց այդ երեխաների համար պետք է այնպիսի միջավայր ստեղծել, որ նրանք առողջ մեծանան»,-նշեց բնապահպանը` շեշտելով, որ  Երեւանում գրեթե կանաչապատ տարածք չի մնացել, իսկ եղածներն էլ գնալով կորցնում ենք:

«Ուսանողական այգում կատարվող շինարարությունը մեր անբարոյականության ցուցանիշն է: Ամբողջ ուսանողությունը վեր կացավ,Գիտությունների ազգային ակադեմիան ոտքի կանգնեց, Հանրային խորհուրդը դեմ արտահայտվեց, հավաքներ, ցույցեր, հաղորդումներ եղան, սակայն միեւնույնն է  այդ սրճարանների կառուցումը շարունակվում է»,- նշեց նա:

Վերջում Կարինե Դանիելյանը հավելեց, որ անհրաժեշտություն կա ստեղծել Երեւանի էկոլոգիական խնդիրներն ուսումնասիրող հանձնաժողով: