Թուրքիայի իշխանությունները «Հըզմեթի» դեմ պայքարի քողի ներքո փորձում են չեզոքացնել բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են հավատարմության երդում տալ, եւ ահաբեկել քաղաքացիական հասարակությանը, որը կարող էր ընդվզել: Այս մասին Le Monde-ի իր հոդվածում գրել է շարժման գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենը:

«Չեմ հասկանում՝ ի՞նչ կապ կարող է լինել պետական հեղաշրջման եւ Ֆրանսիայում մշակության կենտրոնի հրկիզման, ընտանիքի անդամներին պատանդ վերցնելու միջեւ, երբ չեն կարողանում գտնել նրան, ում փնտրում են, տարեց եւ հիվանդ լրագրողներին արգելափակելու, 35 հիվանդանոց եւ մեկ ոչ կառավարական կազմակերպություն փակելու միջեւ, ֆակուլտետների բոլոր դեկաններին պաշտոնանկ անելու եւ այլնի միջեւ»,- գրել է նա:

Ըստ որում՝ Գյուլենը կոչով է դիմել Թուրքիայի իշխանություններին՝ նրանց լիակատար համագործակցություն խոստանալով: Պետական հեղաշրջման անհաջողությունը բավարար չէ ժողովրդավարության հաղթանակի մասին խոսելու համար, կարծում է Գյուլենը:

«Ո՛չ փոքրամասնության, ո՛չ մեծամասնության իշխանությունը, ո՛չ ընտրովի ավտորիտարիզմը իրենցից իսկական ժողովրդավարություն չեն ներկայացնում: Այն գոյություն չունի առանց իրավական պետության, իշխանության բաժանման, խոսքի ազատության եւ հիմնարար իրավունքների»,- նշել է նա հոդվածում:

Ինչպես գրում է Գյուլենը, «եթե Թուրքիան ցանկանում է բարգավաճել, միայն մեկ լուծում ունի՝ ժողովրդավարական մշակույթի եւ պետության սկզբունքի խորացում, որը կառուցված է արժանիքների ճանաչման վրա»:

«Ո՛չ հեղաշրջումը, ո՛չ քաղաքացիական ինքնակալ ռեժիմը դեղամիջոց չեն: Թուրքիայի համար իսկական հաղթանակ կլինի այդ հիմնարար արժեքները վերականգնելու միջոցով»,- ամփոփել է նա: