Հոկտեմբերի 12-ին, ժամը 13.00-ին` Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ` Մաշտոց 1 հասցեում, կբացվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» միության գրասենյակը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից, «Արարատ» միությունը 1989-ին հիմնադրել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն` իր փոխանորդության օրոք:
Կենտրոնի բացման Տնօրհնեքի արարողություն կկատարի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
«Արարատ» միության հոգեւոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ միության անդամները Առաքելական Սուրբ եկեղեցու առաքելության լծակից դառնալով` բազմաբնույթ ձեռնարկներ են իրականացնում. այցելություններ սոցիալապես անապահով հաստատություններ, հոգեւոր համերգային միջոցառումներ, հանդիպումներ, քննարկումներ հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ուխտագնացություններ, ընդհանրական աղոթքներ եւ այլն:
«Արարատ» միությունն ունի տարբեր ենթակառույցներ` խնամակալների խորհուրդ, «Արարատ» երգչախումբ, սոցիալական, հոգեւոր, մշակութային ծրագրեր իրականացնող բաժիններ:
Գրասենյակի վերանորոգման աշխատանքներն իրականացել են միության անդամների եւ աջակիցների նվիրատվությամբ:




























