Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) հոկտեմբերի 12-ին կանցկացնի հատուկ «ՌԱՀՀԿ Երիտասարդական ֆորում»` նվիրված հայ-թուրքական «արձանագրությունների» ստորագրման մեկ տարվան:
ՌԱՀՀԿ-ի այս Երիտասարդական ֆորումը իր գնահատականը կտա հայ-թուրքական դիվանագիտության հարցի վերաբերյալ եւ երիտասարդության տեսանկյունից կքննարկվի, թե ինչ է փոխվել եւ ինչն է նշանակալից այս արձանագրությունների հարցում: Երիտասարդական ֆորումի ընթացքում կլինեն մի շարք ելույթներ` նվիրված վերոնշյալ հարցի տարբեր ասպեկտներին:
Նշենք, որ նպատակ ունենալով արծարծել Հայաստանի երիտասարդներին հուզող հարցերը` յուրաքանչյուր ամիս ՌԱՀՀԿ-ն անցկացնում է առանձին Երիտասարդական ֆորում` կիզակետում ունենալով հետաքրքրություն առաջացնող տարբեր թեմաներ, որպեսզի երիտասարդությանը տրամադրվի քննարկումների հարթակ:
Նոյեմբեր ամսին անցկացվելիք Երիտասարդական ֆորումի ուշադրության կենտրոնում կլինի «Տնտեսությունն ու բիզնեսը»: Իսկ դեկտեմբերին Երիտասարդական ֆորումն ուշադրությունը կսեւեռի Հայաստանի ազգային անվտանգության հարցերին:





























