Տավուշի մարզի Գանձաքար գյուղի 80-ամյա բնակչուհի Սեդա Զաքարյանը, որն արդեն 3 օր է կորած է համարվում, օգոստոսի 8-ին գնացել էր սար՝ հորթերն արածեցնելու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանը:

Նա նշեց, որ 80-ամյա կինն առողջական կամ հիշողության հետ կապված խնդիրներ չի ունեցել.

 «Սարի գլխին անասուններ էր պահում, վերջին անգամ՝ օգոստոսի 8-ին գյուղացիներից են նրան տեսել, ինչ-որ բան է փնտրել, ասել է՝ հորթերն են կորել, փնտրում է: Դրանից հետո ինքն էլ է կորել, տեսնողներ չեն եղել: Այսօր առավոտյան տատի հավաքած ուրցն ենք գտել` քարի տակ պահած»,- ասաց Շահինյանը:

Նշենք, որ Սեդա Զաքարյանի որոնողական աշխատանքներն այսօր առավոտից վերսկսվել են: