«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի 6 անչափահաս երեխաներին օգնելու նպատակով դրամահավաք է մեկնարկել: Դրամահավաքն սկսվել է այսօր՝ օգոստոսի 12-ին, Երեւանի Հյուսիսային պողոտայում:
«Մհեր Մազմանյանը ընտանիքի միակ աշխատողն էր, հիմա ոչ միայն ինքը չի կարող պահել իր ընտանիքը, այլեւ ընտանիքը զրկվել է նրա թոշակից: Ընտանիքը վարձով էր բնակվում, հիմա կարող է հայտնվել դրսում: Իր ընտանիքին օգնելը առաջնահերթ է, եւ այդ նպատակով որոշեցինք դրամահավաք կազմակերպել: Տան միակ աշխատողը 15 տարեկան տղան է, աշխատում է ավտոլվացման կետում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց դրամահավաքի կազմակերպիչ Նելլի Մինասյանը:
Հյուսիսային պողոտայում դրամահավաքը կշարունակվի այսօր մինչեւ ժամը 22:00-ը, այն կշարունակվի նաեւ օգոստոսի 13-ին:
Ավելի վաղ Մհեր Մազմանյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Մհեր Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել՝ հիմնվելով հեռախոսազանգի վրա:





























