Հայաստանն այս պահին տնտեսական զարգացման լուրջ հեռանկարներ չի կարող ունենալ՝ հաշվի առնելով մեր երկրի արտադրական հնարավորությունները, որոնք սահմանափակվում են գյուղատնտեսությամբ, եւ Ռուսաստանի տնտեսական վատ վիճակը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը՝ նշելով, որ դեպի Ռուսաստան արտահանման ավանդական ոլորտներն էլ այժմ վտանգված են՝ հաշվի առնելով ռուս–թուրքական մերձեցման գործընթացը։
«Ընդհանուր առմամբ պահպանել որոշ ոլորտներ՝ ավանդական խմիչքների կամ վերամշակող արտադրանքի, հնարավոր է, բայց տատանողական հնարավորություններով, դա կախված է Ռուսաստանի շուկայի վիճակից։ Բայց այսօր ռուս–թուրքական մերձեցման գործընթացը կարող է փակել նաև այդ հնարավորությունները։ Թուրքիայի առջև կարող են նորից բացվել շուկաները, գյուղատնտեսական ապրանքի, վերամշակվող արտադրանքի, տեքստիլի առումով դա կսահմանափակի Հայաստանի հնարավորությունները»,– ասաց տնտեսագետը։
Կարեն Ադոնցի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը Հայաստանի համար բավական վտանգավոր է, քանի որ Ռուսաստանը փորձելու է իր լուրջ աշխարհաքաղաքական պրոբլեմները լուծել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններն ամրապնդելով։





























