Բաքվում հոկտեմբերի 11-ին մեկնարկած Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի ժողովի ժամանակ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ մամլո դիվանից:

Մանոյանը հույս է հայտնել, որ մի օր հայ-թուրքական երկխոսությունը կկայանա, բայց, մինչ այդ, Թուրքիան պարտավոր է հրաժարվել բոլոր նախապայմաններից: «Որպեսզի հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ Երեւանի եւ Անկարայի միջեւ, Թուրքիան պետք է հրաժարվի նախապայմաններից: Հակառակ դեպքում` հնարավոր չէ որեւէ տեսակի հարաբերություններ երկու երկրների միջեւ»,- ասել է Կիրո Մանոյանը:
Նշեննք, որ Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի ժողովին մասնակցում են ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Երեկվա նիստի հիմնական օրակարգը նվիրված է եղել տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հարցերին:  Չնայած նրան, որ նիստի հիմնական թեման եղել է Արցախը, բայց հնչել են նաեւ ելույթներ Հարավային Օսիայի վերաբերյալ:

Բոլոր ելույթ ունեցողները շեշտել են այս եւ Երեւանում կայացած ժողովների կարեւորությունը, որտեղ հայերն ու ադրբեջանցիները երկխոսության հնարավորություն ունեցան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներից Ադրբեջանի ներկայացուցուցչի  դժգոհությանն ի պատասխան` Կիրո Մանոյանը նշել է, որ Ադրբեջանը  դժգոհ է համանախագահների առաջարկներից, քանի որ դրանք հնարավորություն չեն տալիս  Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ներգրավելու համար: Կիրո Մանոյանը շեշտել է նաեւ, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, ինչին Ադրբեջանի ներկայացուցիչը նյարդային է արձագանքել: Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուի Այալան ողջունել է կողմերի միջեւ բուռն քննարկման փաստը եւ ամփոփելով նիստի արդյունքները` կարեւորել է հանձնախմբի ժողովների կարեւորությունը եւ հույս հայտնել, որ չնայած տարակարծություններին եւ իրարից հեռու դիրքորոշումներին` հայերն ու ադրբեջանցիները կարող են համաձայնության գալ, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապանդմանը:   

Ակնկալվում էր, որ Սոցինտերնի հանձնախմբի Բաքվի ժողովին կմասնակցեն նաեւ Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, սակայն, ինչպես երեւանյան նիստին, այնպես էլ Բաքվի` նրանք չեն ժամանել:

Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ները արդեն իրենց ոճին հատուկ, սկսել են աղավաղել Կիրո Մանոյանի խոսքը, մասնավորապես նշելով, թե իբր Կիրո Մանոյանը Ղարաբաղյան հակամարտությունը բնորոշել է իբրեւ Ադրբեջան-Հայաստան հակամարտություն, այնինչ Կիրո Մանոյանը իր բոլոր հարցազրույցներում բառացիորեն այն  անվանել է «Ղարաբաղա-ադրբեջանական»: