Զամբիայի ոստիկանությունը երկրի հարավում 133 մարդ է ձերբակալել, որոնք մասնակցել են երկրի գործող նախագահ Էդգար Լունգուի վերընտրմանը, հայտնում է Ռեյտերը:  

Զամբիայի Հարավային նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Գոդվին Ֆիրին հայտնել է, որ բողոքի մի շարք մասնակիցներ վնասել են Լունգուի ղեկավարած իշխող կուսակցության կողմնակիցների  սեփականությունը:  «Այդ ամենն ասես լավ պլանավորված էր: Ձերբակալությունից հետո հանգստությունը վերականգնվել է», — ասել է նա:

Զամբիայի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 11-ին: Ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, Զամբիայի նախագահ, իշխող  «Հայրենասիրական ճակատ» կուսակցության առաջնորդ Էդգար Լունգուն հաղթել է ձայների  50,35 տոկոս հավաքելով: Նրա հիմնական մրցակիցը, ընդդիմադիր  «Հանուն ազգային զարգացման միացյալ կուսակցության» ներկայացուցիչ Հակայնդե Հիչիլեման ձայների 47,67 տոկոսն է ստացել: Ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն,  տարբերությունը 100 հազար ձայն է կազմել: Զամբիայի ընդդիմադիր կուսակցությունը բողոքարկել է հայտարարված արդյունքները: 

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Զամբիայի հարավում անկարգություններ են բռնկվել: Բողոքի ակցիաները սկսել են Հիչիլեմայի կողմնակիցները, որը ընտրությունների առաջին փուլի արդյունքում պարտություն էր կրել: Իշխանությունները ոստիկանության լրացուցիչ ուժեր են ուղարկել բողոքների անցկացման շրջան: 

Էդգար Լունգուն իշխանության է եկել 2015 թվականի հունվարին` 2014-ի հոկտեմբերին Զամբիայի նախորդ նախագահ Մայքլ Սատի  մահից հետո:  2015-ի հունվարին նախագահի արտահերթ ընտրություններին նա ընտրողների ձայների մեծամասնություն է ստացել` առաջ անցնելով «Հանուն ազգային զարգացման միացյալ կուսակցության» առաջնորդից: