Վոլգոգրադում թոշակառու բժիշկ-թերապեւտը չորս ամիս փորձել էր իր մեռած ամուսնուն կենդանացնել սուրբ ջրի օգնությամբ:
ՌՔԿ-ի քաղաքային բաժանմունքի ներկայացուցիչ Միլենա Ֆրանցուզովան պատմել է, որ 76-ամյա կինը երկար հոգ է տարել պառկած 87-ամյա ամուսնուն, որն անցյալ տարի ընկել էր եւ վնասել ոտքը: Վերջին անգամ հարեւանները նրան բազմոցին պառկած են տեսել ապրիլին:
Անցած ուրբաթ ներքեւի հարեւանուհու տանը ջրհեղեղ է սկսվել եւ տարեց զույգի բնակարան մտած մարդիկ տղամարդու դիակ են տեսել:
«Սկսել են խոսել կնոջ հետ եւ պարզվել է, որ նա տարված էր ոչ ավանդական բժշկությամբ եւ հավատում էր, որ ամուսնու վրա սուրբ ջուր ցանելով` կկարողանա ոտքի կանգնեցնել նրան, կենդանացնել: Երեխաներին նա ասում էր, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, խնդրում էր չգալ», — պատմել է Ֆրանցուզովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Դիահերձումը բռնի մահվան նշաններ ի հայտ չի բերել:
Նա հավելել է, որ տարեց ամուսինների բնակարանը, որտեղ գտնվում էր արդեն գործնականում մումիա դարձած մարմինը, մաքուր եւ հավաքված էր: Կինն ասել է, որ տհաճ հոտ չի զգացել, իսկ հարեւանները, դեռեւս գարնանը զգալով դա, կարեւորություն չէին տվել:





























