Օրհուս քաղաքում դանիացի երկու քաղաքական գործչի դեմ գործ են հարուցել թագավորության միգրացիոն օրենքների խախտման մեղադրանքով, հայտնում է  The Local-ը:

Հաղորդվում է, որ մեղադրանք է ներկայացվել քաղաքային խորհրդի պատգամավոր Մարիա Սլոտին եւ նրա կուսակից եւ հարեւանուհի Աննա Հեգելունդին: Կանայք Աֆրիկայից երկու անօրինական փախստականի թույլ են տվել քնել իրենց բնակտարածքում, իսկ հաջորդ օրը նրանց համար մինչեւ Նորվեգիա շոգենավի տոմս են գնել: 

Հետո քաղաքական գործիչները որոշել են տեղացի լրագրողներին պատմել իրենց պատմությունը: Սակայն ոչ բոլորն են նրանց արարքը մեծահոգի համարել: Այսպես, քաղաքային խորհրդի պատգամավոր Մարկ Պերերա Կրիստենսենը դրանում միգրացիոն օրենքների խախտում է տեսել եւ կանանց դատի է տվել: 

«Մենք գործ ունենք սահմանի անօրինական հատմանը կանխամտածված աջակցության հետ, այդ պատճառով պնդում ենք, որ նրանք կալանքի առնվեն», — հայտնել է դատախազ Յակոբ Բալսգարդ Նիլսենը: 

Սակայն, նրա խոսքով, եթե դատարանը փախստականների ներհոսքը երկիր ճանաչի որպես «առանձնահատուկ հանգամանք», մեղադրական կողմը կհամաձայնի   5 հազար կրոն տուգանքի (մոտ 760 դոլար):

Կանայք իրենց հերթին հայտնում են, որ գործել են ըստ իրենց խղճի եւ չեն իմացել իրենց արարքի անօրինական լինելը: Բացի այդ, ոստիկանությունը չի կարողացել ապացուցել, որ աֆրիկացիներն անօրինական են գտնվել երկրում: 

«Կարծում եմ, շատ տարօրինակ է, որ մեզ մոտ մարդկանց օգնելն արգելող օրենք կա», — հայտնել է Սլոտը: