Երեւանի «Մոր եւ մանկան» առողջության պահպանության գիտահետազոտական կենտրոնում վիրահատությունից հետո մահացած Կարինե Աղաբեկյանի հարազատները շարունակում են պնդել, որ 3 երեխաների մայրը մահացել է բժիշկների անբարեխղճության հետեւանքով:
«Վիրահատությունից հետո, երբ անեսթեզիոլոգ Սերգեյ Պատվականի Բարսեղյանը հիվանդի բերանից հանել է ինտուբացիոն խողովակը, անմիջապես հիվանդի մոտ սկսվել է շնչահեղձություն։ Ա.Բարսեղյանը շուրջ 20 րոպե լիդոկայինի եւ այլ դեղորայքի միջոցով շնչահեղձությունը կանխելու համար միջոցներ է ձեռնարկել, որից հետո հիվանդի մոտ նկատվել է արյունահոսություն, ինչի կապակցությամբ վիրահատող բժիշկ Արմեն Գասպարյանը պահանջել է խորացնել անզգայացումը, որպեսզի ախտորոշիչ նպատակով կատարի հսկիչ հիստերոսկոպիա»,- NEWS.am-ի թղթակցին պատմել են մեկ տարի առաջ մահացած կնոջ հարազատները:
Կարինե Աղաբեկյանի հարազատները կարծում են, որ նրա վիճակի վատացման պատճառները՝ շնչահեղձություն եւ արյունահոսություն, զուգորդվել են, եւ քանի որ անհրաժեշտ է եղել կատարելու հաջորդ միջամտությունները /միզապարկի կարում, արգանդի հեռացում եւ այլն/, ապա անեսթեզիոլոգ Սարգիս Բարսեղյանը սկզբնական շրջանում ուղղակիորեն բուժանձնակազմից թաքցրել է Աղաբեկյանի վիճակի վատացման փաստը մինչեւ այն ժամանակ, երբ այլեւս անհնար է եղել թաքցնելը. «Սա ուղղակի անբարեխղճություն է: Այս իրավիճակում բուժանձնակազմի կողմից թույլ է տրվել նաեւ տակտիկական սխալ, քանի որ ճիշտ չի գնահատվել, թե որ վտանգն է անմիջականորեն սպառնում հիվանդի կյանքին՝ շնչահեղձությունը, թե՝ արյունահոսությունը: Կարծում ենք, որ առանջնահերթ պետք է վերացվեր շնչահեղձության պատճառները, հիվանդի վիճակը կայունացվեր, որից հետո միայն անդրադառնալ արյունահոսության դադարեցման խնդրին: Իսկ արյունահոսության վնասակար հետեւանքները թույլ չտալու համար պետք էր այդ ընթացքում կատարել արյան եւ արյունային բաղադրիչների փոխներարկում, բայց ոչ մի դեպքում չէր կարելի խորացնել շնչահեղձ լինող հիվանդի անզգայացումը»:
Կնոջ հարազատների խոսքով՝ թեեւ վերը նշված սխալներին, հանձնաժողովային փորձաքննությամբ դեռեւս չեն ֆիքսում բժշկական սխալը՝ փորձելով իրենց հավատացնել, որ մահվան պատճառ է հանդիսացել վիրահատության ընթացքում ժամանակին չբացահայտված այսպես կոչված «ջրային ինտոքսիկացիան», որն իբր առաջացել է հիստերոսկոպիկ միջամտության ժամանակ ջրի մեծ քանակությունն հիվանդի անոթային համակարգ մուտք գործելու արդյունքում:
«Մենք Հայաստանի «բժշկական կլանի» դեմ պայքարելու ենք բոլոր միջոցներով, արյունը ջուր չի դառնա»,- հավելեցին հարազատները:
Հիշեցնենք, որ ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Կարինե Աղաբեկյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որն էլ պայմանավորված է եղել արգանդի միոմայի հեռացումով, զարգացած թոքերի այտուցով, որովայնի հատումով եւ այլ գործոններով:
Ավելի վաղ 3 երեխայի մայր Կարինե Աղաբեկյանի հարազատները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ կնոջ մահվան մեջ մեղավոր են բժիշկները:
«40 րոպեանոց վիրահատությունը կատարեցին 7-8 ժամում, հետո էլ ասին, թե տեղափոխեք «Էրեբունի»: Տեսան, որ էլ չեն կարողանում պայքարել, տեղափոխեցին էնտեղ»,- ասել էին նրա հարազատները:
14 օր անց Կարինե Աղաբեկյանը մահացել էր «Էրեբունի» ԲԿ-ում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:





























