ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստերը թեպետ անց են կացվում փակ դահլիճում, եւ դրանց չեն մասնակցում դիտորդներ, բայց այս անգամ, այնուամենայնիվ, որոշում էր կայացվել Հայաստանի հարցով քննարկմանը հրավիրել նաեւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանին եւ ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանին։ Հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով, իրենց հնարավորություն էր տրվել ներկայացնել հուզող բոլոր խնդիրները։ «Մենք որեւէ կերպ կաշկանդված չէինք, ներկայացրեցինք մեր կարծիքը, փոխանցեցինք մեր մտավախությունները։ Կարծում եմ՝ հանձնաժողովը հետագայում այդ ամենը հաշվի կառնի»,- հույս հայտնեց Փոստանջյանը։
Որպես զգալի բարդություն՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչն առանձնացրեց Հայաստանի հարցերով համազեկուցողի ընտրության հարցը։ «Սա լրջագույն խնդիր է։ Ինչպես գիտեք, հունիսին ԵԽԽՎ ամենամեծ՝ EPP խմբակցությունը որպես համազեկուցողի իր թեկնածու առաջադրել էր Գորան Լինդբլադին, իսկ մոնիտորինգի հանձնաժողովն էլ նրան ընտրել էր որպես Հայաստանի հարցով երկրորդ համազեկուցող։ Հայաստան համապատասխան այց կատարելու եւ զեկույց կազմելու համար Լինդբլադն ուներ երեք ամիս ժամանակ։ Դեռ հունիսին, երբ փորձում էի նրանից պարզել, թե երբ է մտադիր այցելել Հայաստան, նա ասաց, որ ինքը պետք է մասնակցի իր երկրում կայանալիք ընտրություններին եւ քարոզարշավի պատճառով հնարավորություն չունի այցելել Հայաստան։ Բայց եթե Լինդբլադը ցանկանում էր մեր երկրի մասին զեկույց պատրաստել, ապա օր առաջ պետք է գար այստեղ՝ քարոզարշավից գոնե 3 օր տրամադրելով այդ գործին»,- տեղեկացրեց Փոստանջյանը։
«Այնպես ստացվեց, որ նա չընտրվեց։ Հայաստանի համար ամենաօպտիմալ որոշումը կլիներ այն, որ Լինդբլադը արագորեն հրաժարական տար, որպեսզի մենք հոկտեմբերին բյուրոյի եւ խմբակցության լիագումար նիստերին կարողանայինք այլ անձ առաջադրել։ Նրա հրաժարականը, սակայն, տեղի չունեցավ եւ Լինդբլադի լիազորությունները դադարելու են միայն հոկտեմբերի վերջին»,- նշեց Փոստանջյանը։
Ամփոփելով՝ նա տեղեկացրեց, որ բյուրոյի եւ խմբակցության հերթական նիստը տեղի է ունենալու հունվարին։ «Մինչ այդ, ես փորձ եմ արել ճշտել, թե ով կցանկանար դառնալ Հայաստանի հարցով համազեկուզող։ Մի քանի պարկեշտ մարդիկ նման ցանկություն ունեն, սակայն հստակ որոշում այս մասով դեռեւս չկա»,- ասաց Փոստանջյանը։




























